Երբ 1989 թվականին առաջին անգամ Հայաստանում հանդիպեցի դաշնակցական գործչի, հասկացա, թե ինչ է նշանակում ազգային գաղափարական մարդ:: Զարմացած էի, թե այսքան հեռու հայրենիքից եւ այսքան մոտ, այսքան նվիրվածություն, այսքան ազգասեր... Հպարտանում էի, որ բախտ է վիճակվել վերջապես շփվել մարդկանց հետ, ովքեր հոգեհարազատ են, գաղափարակից եւ, ամենակարեւորը՝ ազգային գաղափարախոսության կրող: Քեզ, Ժիրո, առաջին անգամ հանդիպեցի ՄՏԿ-ի (Դաշնակցության մամլո տեղեկատվական կենտրոնի) գրասենյակում: Քչախոս, լուռ, մեկուսացված: Մտածում էի, որ նոր է եկել Լիբանանից, առաջին անգամ է Հայաստանում, դեռ ծանոթ չէ վարք ու բարքին, ոչինչ՝ կբացվի: Ու այդպես էլ եղավ: Ինչպես բոլոր դաշնակցականները, այնպես էլ դու զինվորագրվեցիր Ղարաբաղյան հերոսամարտին: Եղան առաջին զոհերը... տղաներ, ովքեր գրիչը, վրձինը, բուհը, արվեստն ու արհեստը փոխարինեցին զենքով: Զենքով, քանի որ գաղափարական էին, քանի որ պարտք ունեին Հայրենիքի առջեւ: Փա՜ռք նրանց, երիցս փա՜ռք: Նրանք, ովքեր չվերադարձան մարտի դաշտից, հավերժացան անմահությամբ, բայց եղան նաեւ մարդիկ, ովքեր վերադարձան ու դարձան անճանաչելի: Ցավոք, դրանցից մեկը դարձար դու, Ժիրո: Ես չեմ ուզում խորանալ այն դրդապատճառների մեջ, որոնք քեզ այդպիսին դարձրին, բայց մի բան հաստատ գիտեմ, որ անձնական վիրավորանքը չպետք է քեզ դարձներ այդպիսին: Չէ՞ որ դու դաշնակցական ես, որով ամեն ինչ ասված է...

Երբ 1994 թվականի դեկտեմբերի 28-ին Լեւոնը թեւքերը քշտած հեռուստատեսությամբ ի լուր աշխարհի հայտարարեց, որ Դաշնակցությունը տեռորիստական կազմակերպություն է, անմիջապես նրա ջարդարարները ներխուժեցին Դաշնակցության գրասենյակներ եւ առաջին գործը, որ արեցին՝ պատերից պոկեցին քո մարտական ընկերների նկարները եւ ոտքերի տակ ջարդուփշուր արեցին: Սթափվիր, Ժիրո, քանի դեռ ուշ չէ, գործիք մի դարձիր լեւոնականների ձեռքին, միեւնույն է՝ օձը երբեք ճանապարհը ուղիղ չի անցնում: Ընկերներդ քեզ չեն ների...

 

Ես էլ քեզ նման վիրավորված եմ..., բայց երբեք իմ անձնական վիրավորանքը չեմ օգտագործել իմ գաղափարախոսության դեմ, որն ինձ համար ազգային արժեք է: Իսկ ազգային արժեքները չեն վաճառվում: Այսօր ես էլ քեզ նման Հայաստանում գրանցում չունեմ, որ ի տարբերություն քեզ, ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում, այսօր ես տուն ու տեղ չունեմ, ապրում եմ ուրիշի տանը, բայց երբեք ու երբեք չեմ կանգնի Լեւոնի կողքին: Ուշքի եկ, Ժիրո... 

ԶԱՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ («ՄՏԿ-ի Զարիկ»)

http://new.aravot.am/am/articles/society/42941/view